Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հասան Ռոհանին հիշեց Հայաստանը

Հասան Ռոհանին հիշեց Հայաստանը
19.12.2016 | 17:53

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին դեկտեմբերի 21-ին այցելելու է Հայաստան։
Նրա մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ այցի նպատակն է խորացնել երկու երկրների հարաբերությունները տարբեր ոլորտներում, կստորագրվի երկկողմ համագործակցության համաձայնագիր, նախատեսվում է Երևանում անցկացնել բիզնես համաժողով։
Պատժամիջոցների վերացումից հետո ամբողջ Եվրոպան պետություն առ պետություն ներկա ստացավ Թեհրանում, ակտիվ էր և Ասիան՝ Թուրքիա, Ադրբեջան, Հնդկաստան, Չինաստան, բոլորին հետաքրքրում էին Իրանի տնտեսության մեջ բարեփոխումները, ներդրումների հնարավորությունները, և իհարկե, նավթն ու գազը: Իրանի վերադարձը նավթային շուկա համընկավ նավթի գնանկման պիկի հետ, քաղաքական վերադարձը միջազգային ասպարեզ ու տարածաշրջան՝ Սիրիայի պատերազմի պիկի հետ:

Արևելյան դիվանագիտության առանձնահատկությունն է՝ երբեք ու ոչ մեկին «ոչ» չասել, բայց դա բնավ «այո» չի նշանակում: Իրանը բոլորի հետ փոխշահավետ համաձայնություններ էր կնքում՝ հույս ունենալով նոր շունչ տալ վիթխարի տնտեսությանը, որ համարյա սառեցված վիճակում էր պատժամիջոցների հետևանքով: Առանձին քննարկման թեմա են Իրան-Թուրքիա, Իրան-Սաուդյան Արաբիա, Իրան-Չինաստան, Իրան-ԵՄ, Իրան-ԱՄՆ, Իրան-Հնդկաստան, Իրան-Վրաստան, Իրան-Ադրբեջան, Իրան-Իրաք, Իրան-Սիրիա հարաբերությունները, բայց մեզ համար հատկապես կարևոր են Իրան-Ռուսաստան առնչությունները: Նրանք, առանց ռազմական դաշինք կնքելու, փայլուն համագործակցում են Սիրիայում՝ լինելով նախագահ Բաշար Ասադի հիմնական դաշնակիցները ահաբեկիչների ու ապստամբների դեմ պայքարում: Այստեղ խնդիրներ համարյա չկան, եթե կան միայն մարտավարական, բայց տնտեսական ու աշխարհաքաղաքական հարցերում ՌԴ-ԻԻՀ հարաբերություններում տասնյակ չլուծված հարցեր կան՝ Թեհրանը Մոսկվայի մրցակիցն է նավթագազային շուկայում, երկու երկրներն էլ ներդրումների կարի անհրաժեշտություն ունեն տնտեսության արդիականացման համար: Մոսկվան էլ, Թեհրանն էլ խնդիր ունեն վերականգնել գերտերության կարգավիճակը և միշտ չէ,որ այս հարցերում ունակ են համագործակցել՝ հաշվի առնելով այլ պետությունների դիրքորոշումներն ու վերաբերմունքը: Նաև՝ սեփական ներքաղաքական խնդիրները:

Հենց այս հարթակի վրա է հանելուկը, որ պատժամիջոցների վերացումից հետո, ի տարբերություն այլ երկրների նախագահների, ՀՀ նախագահը Թեհրան չմեկնեց, Իրանի նախագահն էլ միայն չորեքշաբթի օրն է պատրաստվում Հայաստան հասնել, երբ արդեն եղել է Բաքվում, Թբիլիսիում, ընդունել է Վրաստանի ու Ադրբեջանի նախագահներին ու վարչապետներին: Ճիշտ է՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Թեհրան մեկնեց և ըստ հաղորդագրությունների՝ լուրջ պայմանավորվածությունների հասավ, Թեհրանում ներկա ստացավ և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ նրա այցի նպատակը նախագահների փոխայցերի օրակարգի նախապատրաստումն էր, բայց միջազգային օրակարգը Հասան Ռոհանիի այցերի ծրագրերում անընդհատ հետաձգում էր Երևան այցը, իսկ Սերժ Սարգսյանի այցերի օրակարգից՝ բացառում՝ բանակցային օրակարգի անորոշության պատճառով: Այս ընթացքում ձևավորվեց Մոսկվա-Բաքու-Թեհրան համագործակցության ձևաչափը, որ կարող է տարածաշրջանում լուրջ գործոն դառնալ՝ չվնասելով Վրաստանին, բայց՝ շրջանցելով Հայաստանը: Մոսկվա-Երևան-Թեհրան ձևաչափը չքննարկվեց էլ: Իրանի կարևորությունը Հայաստանի համար չի սահմանափակվում միայն էներգակիրների ու հաղորդակցուղիների սահմաններում, շատ կարևոր է Թեհրանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում, սկզբունքային են Իրան-Թուրքիա հարաբերությունները:

Առաջին հայացքից՝ հայ-իրանական հարաբերությունները չեն զարգանում ողջ ներուժով ու խորքով, որովհետև խանգարում է Մոսկվան. «Գազպրոմին» բոլորովին ձեռնտու չէ կորցնել Հայաստանը, թույլ տալ, որ Հայաստանը դառնա տարանցիկ երկիր՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա գազի արտահանման համար: Բայց նույնիսկ Կրեմլը պիտի հասկանա, որ Թեհրանը, միևնույն է, իր գազը արտահանելու է Եվրոպա և Հայաստանին զրկել շահավետ գործարքից ու արտոնությունը տալ Ադրբեջանին կամ Թուրքիային, իր շահերից էլ չեն բխում: Նավթագազային շուկան մեկ օրով չի ապրում՝ հեռանկարները այսօր սպանելը վաղվա ֆինանսական կորուստներն են: Օրինաչափ է, որ Հասան Ռոհանիի Հայաստան այցը տեղի է ունենում ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո:


Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի և Իրանի առևտրաշրջանառությունը 2015-ին նվազել է 5,2 տոկոսով և 276 միլիոն դոլար է, որ չնչին թիվ է։ Կան համատեղ ծրագրեր, կառուցվում է երկրորդ բարձրավոլտ էլեկտրագիծը: Հայաստանով Վրաստան է արտահանվում իրանական գազ, բայց անհամեմատ նվազ ծավալներով։ Ընթացքի մեջ է Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծումը:


2016-ին փորձնական գործարկվել է Եվրոպայից Իրան Հայաստանի տարածքով մուլտիմոդալ բեռնափոխադրումների ծրագիրը: ՀՀ տրանսպորտի, կապի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի խոսքով` նոյեմբերին փորձնական տարբերակով 2 կոնտեյներ Եվրոպայից տեղափոխվեց Փոթի, այնուհետև երկաթուղով Հայաստան` «Երասխ» կայարան, ավտոտրանսպորտով` Իրան. «Կոնտեյներները Վրաստանի և Հայաստանի տարածքը հատեցին 38 ժամում: Արդյունքը գոհացնող է, կանոնավոր դառնալու դեպքում կմեծանա միջազգային փոխադրումների ծավալը»: Եթե այս ծրագիրը հաջողություն ունենա, Հայաստանը կդառնա բեռնափոխադրումների տարանցիկ ճանապարհ: Բայց այս ամենը կաթիլ է հնարավորությունների ծովում: Հուսանք, որ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի Երևան այցից հետո այդ կաթիլները գոնե կկրկնապատկվեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Հայաստանից Իրանի նախագահը մեկնելու է Ղազախստան և Ղրղզստան, իսկ 2017-ի ամռանը Հասան Ռոհանին հանձնելու է իր քաղաքական կյանքի երկրորդ մեծ քննությունը. Իրանում նախագահական ընտրություններ են և այնպես չէ, որ հսկա երկրում բոլորը գոհ են բարեփոխիչների աշխատանքների արդյունքներից:

Դիտվել է՝ 1313

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ